|
Տուրեր
«Ռեալ Վոյաժն» առաջարկում է էքսկուրսիաներ, շրջագայություններ և արշավներ տարբեր ուղղություններով Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և նախկին արևմտյան Հայաստանի (այժմ` Թուրքիայի) տարածքում: Այս բաժնում դուք կգտնեք մեր առաջարկած տեսարժան վայրերի նկարագրությունը: ԷջմիածինՍուրբ Էջմիածինը Հայ առաքելական եկեղեցու պատմական կենտրոնն է: Այստեղ է գտնվում Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: Էջմիածնի մայր տաճարը հիմնադրվել է մ.թ. 303 թ., Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո: Ըստ ավանդույթի, Գրիգոր Լուսավորչի տեսիլքում Հիսուսը մատնանշել է այն վայրը, որտեղ պետք է կառուցվեր առաջին հայկական քրիստոնեական եկեղեցին: Այստեղից էլ անունը` Էջմիածին, որը նշանակում է «իջավ Միածինը»: Այստեղ գործում են նաև վանքը, հոգևոր ճեմարանը և թանգարանը, որտեղ պահվում են հայ եկեղեցու գանձերը, որոնցից ամենաթանկարժեքը հայոց այբուբենի ոսկե տառերն են: Խոր Վիրապ Խոր Վիրապը XVII դ. Ճարտարապետական համալիր է, վանք-ամրոց: Հնադարյան ժամանակներում այստեղ էր գտնվում պատմական Արտաշատը` Հայաստանի մայրաքաղաքներից մեկը: Խոր Վիրապը Հայ առաքելական եկեղեցու սրբավայրերից է, ուխտատեղի: Ըստ հայ պատմագիր Ագաթանգեղոսի, այստեղ էր բանտարկված Գրիգոր Լուսավորիչը` Հայաստանում քրիստոնեության «հիմնադիրը»: Նա 13 տարով բնատարկվել էր Տրդատ III թագավորի կողմից, քրիստոնեություն տարածելու համար: Խոր Վիրապի վանքում գործել է հոգևոր ճեմարան: Բարձունքից սքանչելի տեսարան է բացվում դեպի բիբլիական Արարատ: ![]() Սևան Հայաստանի մարգարիտը` Սևանա լիճը աշխարհի ամենախոշոր բարձրադիր քաղցրահամ լճերից է: Այն գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա և չորս կողմից շրջապատված է լեռներով: Ջրի ջերմաստիճանը, նույնիսկ ամենաշոգ օրերին, չի գերազանցում 20-22 աստիճան ցելսիուսը: Սևանի ափին ձեր հանգստին կնպաստի Սևանի մաքուր, զով օդը: Գառնի Գառնին Հայաստանի բնակավայրերից է, գտնվում է Երևանից 28 կմ հեռավորության վրա, Ազատ գետի հովտում: Այն հայտնի է մ.թ. I դարի հելլենա-հռոմեական ոճի հեթանոսական տաճարով: Գառնու տաճարը Հայաստանում պահպանված միակ հուշարձանն է, որը վերաբերում է հեթանոսության և հելլենիզմի դարաշրջանին: Տաճարի շրջակայքում պահպանվել են հնադարյան ամրոցի և արքայական պալատի, ինչպես նաև III դ. կառուցված բաղնիքի ավերակները: ԳեղարդԳեղարդի ձորը գտնվում է Երևանից մոտավորապես 40 կմ հարավ-արևելք: Գեղարդի եկեղեցական համալիրի կառույցների մեծամասնությունը պատկանում է XIII դ., չնայած առաջին քարայրային վանքը` Այրիվանքը, կառուցվել է IV դ.: Առավել կարևոր կոթող է գլխավոր տաճարը` Սբ. Աստվածածինը` կերտված 1215 թ.: Համալիրը ներառում է նաև երկու ժայռափոր եկեղեցի: Այս ողջ միջնադարյան համալիրը ներդաշնակորեն միաձուլվում է Ազատ գետի գեղատեսիլ հովտի և շրջակա Գեղամա լեռների տեսարանի հետ: Ծաղկաձոր Ծաղկաձորը Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից է: Ամռանը նրա ստվերոտ անտառները, ծաղկող դաշտերը, մաքուր օդը, աղբյուրների սառնորակ ջուրը այստեղ են բերում բազում զբոսաշրջիկների և հայաստանցիների: Ձմռանը ան դառնում է դահուկային սպորտի սիրահարների սիրած վայրը: Այնտեղ գործում է Եվրոպական չափանիշներին համապատասխանող 2500 մետրանոց ճոպանուղի: ԱմբերդԱրագածի` դեպի Արարատյան դաշտավայր նայող հարավային լանջին աչքի է ընկնում Ամբերդ բերդ-ամրոցը` Փահլավունի իշխանների նստավայրը X-XIII դդ.: Այն միջնադարյան հայ ճարտարապետության վառ օրինակ է և Հայաստանի տարածքում պահպանված սակավաթիվ ֆեոդալական ամրոցներից մեկը: Ամբերդը երեք կողմից շրջապատված է խոր կիրճերով: Մեզ են հասել ամրոցի պատերը, բերդը, ջրամատակարարման համակարգը, բաղնիքները, եկեղեցին, ինչպես նաև կիրճ տանող գաղտնի ճանապարհը: Բյուրական Արագած լեռան լանջին է գտնվում Բյուրականի աստղադիտարանը, որը աստղագիտության խոշորագույն կենտրոններից է աշխարհում: Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթն է: Նրա գեղեցկությունը մշտապես հանդիսացել է բանաստեղծների ու նկարիչների ոգեշնչման աղբյուր: Այստեղի օդը մաքուր է ու չոր, գիշերները` պարզկա և′ ամռանը, և′ ձմռանը: ![]() Երևան Բազմաթիվ գիտնականների կարծիքով քաղաքի անունը գալիս է մ.թ.ա. 782 թ. Ուրարտական Արգիշտի թագավորի կողմից կառուցված Էրեբունի ամրոցից: Քաղաքի տարածքում գտնվող այդ ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված մի սեպագիր արձանագրություն վկայում է. «Ես` Արգիշտիս, Մենուայի որդին, այս հոյակապ ամրոցը կառուցեցի և անվանեցի Էրեբունի ի փառս Բիայնիլիի (Ուրարտու) և ի սարսափ թշնամիների»: Քաղաքի ծննդյան մասին վկայող այս սեպագիր արձանագրությունն այժմ պահպանվում է «Էրեբունի» թանգարանում: Այսօր Երևանը միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաք է: Այն գրավիչ է իր հրապարակներով, թանգարաններով, պակերասրահներով, թատրոններով, զբոսայգիներով, սրճարաններով և ռեստորաններով: ![]() Մատենադարան Մատենադարանը հայկական մշակույթի խոշորագույն կենտրոն է, որտեղ պահվում են մոտ 17000 ձեռագրեր: Ամբողջությամբ պահպանված ամենահին ձեռագիրը Վեհամոր Ավետարանն է` գրված VI դ., ամենախոշորը կշռում է 28 կգ, իսկ ամենափոքրը եկեղեցական օրացույցն է, որն ունի անձնագրի լուսանկարի չափեր և կշռում է ընդամենը 19 գ: Մեծ Եղեռնի հուշահամալիր և թանգարան Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրը կառուցվել է Երևանում 1965 թ., 1915-ի ողբերգական դեպքերի 50-ամյակի կապակցությամբ` պատմելու ի լուր աշխարհի անմեղ ժողովրդի հանդեպ գործված ու մինչ այժմ անպատիժ մնացած գազանության մասին և մխիթարելու բոլոր կարեկցողներին: Հուշահամալիրի մոտով անցնում է բրգաձև սոճիների ծառուղին: Հռոմի Հովհաննես Պողոս II Պապը, Վլադիմիր Պուտինը, Ժակ Շիրակը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց այցելությունների ժամանակ այստեղ մեկական ծառ են տնկել` ի հիշատակ ցեղասպանության զոհերի: 1995 թ. հուշահամալիրի մոտ բացվեց Ցեղասպանության թանգարանը, որտեղ պահվում են հազարավոր փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք վկայում են թուրքական կառավարության կողմից հայերի դեմ պատրաստված և իրականացված ցեղասպանության մասին: Ամեն տարի ապրիլի 24-ին հազարավոր հայաստանցիներ և արտասահմանյան հյուրեր քայլելով այս ծառուղով ծաղիկներ են դնում հուշարձանի մոտ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության անմեղ զոհերին: Երևանի կոնյակի գործարան Հայկական կոնյակը հայերի հպարտությունն է. այն առկա է հայերի բոլոր հարսանեկան ու տոնական սեղաններին: Երևանի կոնյակի գործարանը կառուցվել է 1887 թ.: Այն իդեալական վայր է այդ աստվածային ըմպելիքի սիրահարների համար: Այստեղ դուք կարող եք ծանոթանալ կոնյակի արտադրության տեխնիկայի հետ և համտեսել այդ լեգենդար ըմպելիքը: |
|||
| Copyright © 2007 Real Voyage LLC. All rights reserved. Site developed by Prime Technology. |